Նախընտրական քարոզարշավի քաղաքական գովազդները պատրաստ է եթեր հեռարձակել 28 հեռուստաընկերություն

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական և մարզային հեռուստաընկերություն, ինչպես նաև` 8 ռադիոընկերություն: Այս մասին վկայում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տվյալները:

Հրապարակած տեղեկանքի համաձայն` «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են հավասարաչափ՝ 100.000 դրամ/րոպե սակագինը, որն ամենաբարձրն է: «Արմենիա»-ն կուսակցություններին և դաշինքներին պատրաստ է մեկ օրվա ընթացքում հատկացնել 6 րոպե վճարովի եթերաժամանակ, իսկ «Շանթը» որևէ սահմանափակում չի նշել:

Հանրային հեռուստաընկերության և Հ2-ի եթերում սեփական ծրագրերը ներկայացնելու յուրաքանչյուր րոպեի համար քաղաքական ուժերը կվճարեն 60.000 դրամ:

Հ3-ը սահմանել է 50.000, «Ա-Թիվի»-ն՝ 40.000, «Երկիր մեդիան»՝ 25.000, «Ար» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները՝ 20.000, «Կենտրոնը»՝ 18.000 դրամ՝ յուրաքանչյուր րոպեի համար:

Մարզային հեռուստաընկերություններից ամենաբարձր սակագինը՝ 22.000 դրամ, սահմանել է «Շանթ»-Գյումրին, իսկ ամենացածր սակագինը՝ 1000-ից մինչև 1900 դրամ, կախված ժամից, Ալավերդու «Անկյուն+3»-ը:

Առհասարակ, ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ/րոպե, առանց ավելացված արժեքի հարկի: Հայաստանի հանրային ռադիոընկերությունը սահմանել է 2000 դրամ, «Ռադիո Մարշալ» ռադիոծրագիրը՝ 2500 դրամ, «Վան» ռադիոկայանը՝ 3000, «Հայ FM»-ը և «Ռադիո Հայ»-ը՝ 18.000 (ներ. ԱԱՀ), «Շանթ» ռադիոն՝ 1500, «Միգ-FM»-ը՝ 3000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 1 րոպեի համար:

Քաղաքական գովազդի սակագները սահմանվում են ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն: Ըստ օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է Հանրային ? ?ադիոյի և Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Նույն դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում