Առաջին շահագրգիռ մարմինը ՊՆ-ն է, որ քաղաքացին ԶՈւ-ում իրեն զգա ամուր և պաշտպանված. Վիգեն Սարգսյան

Այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացվեցին Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գրում է Թերթ.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ այսօր լրանում է իր պաշտոնավարման հարյուր օրը և հատկապես կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության հարցը ԶՈՒ-ում: Նա նաև կարևորեց Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը և նշեց. «Մեր համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը»:

Նախարարն առանձնացրեց Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատանքը այդ հարցում:

Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը ներկայացրեց իրականացված աշխատանքները:

Արման Թաթոյանը նշեց, որ այս միջոցառման ընթացում ներկայացված քայլերը պահանջված են:

«Սա այն ոլորտն է, որտեղ պահանջվում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան սրտացավ աշխատանք, ինչի համար ստեղծվեց զինծառայողների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանում»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողների առողջական վիճակի, բժշկական փորձաքննության, սոցիալական իրավունքների հետ կապված անհատական բողոքների հիման վրա կարողանում են համակարգային հարցեր վեր հանել։

Պաշտպանն ասաց, որ այս խնդիրները համատեղ աշխատանք են պահանջում, նա նաև միջազգային կառույցների հետ համագոյակցության անհրաժեշտություն է տեսնում: Արման Թաթոյանը հայտնեց, որ ստեղծվել է զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Նա նաև ասաց, որ գրասենյակը պատրաստակամ է զինծառայողների իրավունքի յուրաքանչյուր խախտման նկատմամբ բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերելու հարցում։

Վիգեն Սարգսյանը կարևորեց խորհրդի ստեղծումը և նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը՝ սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն և երկրորդը՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատելով վճռական են՝ ստանալու տեղեկատվություն առանձին դեպքերի մասին և հետամուտ լինելու այդ խնդիրների լուծման հարցում:

«Առաջին շահագրգիռ մարմինը Պաշտպանության նախարարությունն է, որ քաղաքացին Զինված ուժերում իրեն զգա ամուր և պաշտպանված, քանի որ միայն այդ դեպքում քաղաքացին կարող է արդյունավետ պաշտպանել իր երկիրը»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում