Հայաստանն ու Թուրքմենստանն ահռելի պոտենցիալը բավարար չեն օգտագործում. տնտեսագետ

Հայաստանն ու Թուրքմենստանն ահռելի պոտենցիալը բավարար չեն օգտագործում. տնտեսագետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Իրանի, Թուրքմենստանի դեսպանների հետ հանդիպումը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առումով շատ կարևոր էր: Նման գնահատական «Արմենպրես»-ի հետ զրույցում տվեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Իրանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության հետ կապերը սերտացնելու առումով: Մյուս կողմից, քանի որ Իրանը սահմանակից է Թուրքմենստանին, հետևաբար կարելի է ոչ միայն իրանական գազի ներմուծումը Հայաստան դիտարկել որպես այլընտրանք, այլև թուրքմենական գազի»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը կարևոր համարեց տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունները սերտացնելը: Նրա խոսքով, Հայաստանը նաև ինքը բավական պոտենցիալ ունի:

«Սեփական, ազգային մրցակցային առավելություններով պետք է երկու կարևոր ճյուղերով արտահանումն ավելացնել: Մեկը գյուղմթերքի արտադրությունն է, երկրորդը, որ ես ավելի եմ կարևորում, գիտական ճյուղերն են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաները: Ի դեպ, տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը բավական մեծ է և Իրանում, որը բացվում է դեպի արտաքին աշխարհ, իսկ դա կարևոր նախապայմաններից մեկն է, և Թուրքմենստանում: Ես կարծում եմ, որ այստեղ բավական փոխշահավետ համագործակցություն կարող է լինել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը` ընդծելով, որ այդ գործընթացը կարևոր է, թե տնտեսական զարգացման, թե էներգառեսուրսների դիվերսիֆիկացիայի, թե քաղաքական առումով:

Այն դիտարկմանը` հնարավո՞ր է, որ Թուրքմենստանի հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է վերջին գործընթացներից` կապված Վրաստանով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման մեխանիզմների շուրջ համաձայնության չգալու հետ, տնտեսագետն արձագանքեց, որ չի բացառում դա:

«Իհարկե, ես դա չեմ բացառում: Ավելին, կարող է լինել լավ հեռանկար նաև Հայաստանի տարածքով թուրքմենական գազի փոխադրման համար, բայց դրա հետ մեկտեղ շատ ավելի կկարևորեի երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական կապերը: Չեմ կարծում, որ օգտագործվում է այն ահռելի պոտենցիալը, որն առկա է երկու երկրների միջև»,-հավելեց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Վարչապետը նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայա ստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն: Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում