ՄԱԿ-ը դատապարտեց ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում, որոնք 49 մարդու կյանք են խլել

ՄԱԿ-ը դատապարտեց ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում, որոնք 49 մարդու կյանք են խլել

ՄԱԿ-ը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Ղանդահարի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով հունվարի 10-ին առնվազն 49 մարդ է զոհվել, եւս շուրջ 90-ը՝ վիրավորվել, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, այդօրինակ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ արդարացում չունեն:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը «համերաշխություն է հայտնում Աֆղանստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի ու կառավարության հետ, ինչպես նաեւ պահանջում է արդարադատության ենթարկել հարձակման պատասխանատուներին»:

Նախօրյակին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Քաբուլում Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ: Ըստ վերջին տվյալների՝ գրոհի հետեւանքով, որի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, զոհվել է առնվազն 38 մարդ, եւս 70 հոգի վերքեր են ստացել:

Ղանդահարում իրականացված պայթյունը 11 մարդու կյանք է խլել: 18 վիրավորների թվում են նահանգապետն ու Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը, որոնք հարձակման պահին հանդիպում էին անցկացնում տեղի վարչակազմի շենքում: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում