Համաշխարհային բանկն իջեցրել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշները

Համաշխարհային բանկն իջեցրել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշները

Համաշխարհային բանկը 0,1 տոկոսային կետով իջեցրել է 2017 եւ 2018 թվականներին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշները՝ համապատասխանաբար մինչեւ 2,7 տոկոս եւ 2,9 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում: 

Այսպես, 2016 թվականին Համաշխարհային բանկը 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը կանխատեսում էր 2,8 տոկոսի, իսկ 2018 թվականին՝ 3 տոկոսի չափով:

2019 թվականի համար ՀԲ-ի կանխատեսումը գլոբալ Էկոնոմիկայի աճ Է ենթադրում 2,9 տոկոսի չափով, ինչպես եւ 2018 թվականին: Բացի այդ, Համաշխարհային բանկը 2016 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը, 2016 թվականի հունիսին արված կանխատեսման համեմատությամբ, իջեցրել է 0,1 տոկոսային կետով: Այժմ այդ կազմակերպության փորձագետներն սպասում են, որ 2016 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն ավելացել է 2,3 տոկոսով:

Բանկի կանխատեսումների համաձայն, զարգացած երկրների աճը, որոնց թվում են ԱՄՆ-ը, եվրոգոտու երկրները եւ Ճապոնիան, 2016 թվականին կկազմի 1,6 տոկոս, իսկ 2017 եւ 2018 թվականներին աճը կարագանա մինչեւ 1,8 տոկոս:

Ընդ որում՝ զարգացող երկրները 2016 թվականին, ՀԲ-ի գնահատմամբ, միագումար ՀՆԱ-ի աճ կարձանագրեն 3,4 տոկոսով, իսկ 2017 թվականին տեղի կունենա այդ երկրների տնտեսության աճի արագացում մինչեւ 4,2 տոկոս, 2018 թվականին՝ մինչեւ 4,6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում