ԱՄԷ-ն հայտարարել է Ղանդահարի ահաբեկչության հետեւանքով հինգ դիվանագետների զոհվելու մասին

ԱՄԷ-ն հայտարարել է Ղանդահարի ահաբեկչության հետեւանքով հինգ դիվանագետների զոհվելու մասին

Արաբական Միացյալ Էմիրություններից հինգ դիվանագետ է զոհվել ահաբեկչական այն գործողության հետեւանքով, որը հունվարի 10-ին կատարվել է Աֆղանստանի Ղանդահարի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը:

«ԱՄԷ-ի որդիները Աֆղանստանում էին գտնվում հումանիտար առաքելությամբ՝ այդ երկրում մասնակցելով կրթական ու սոցիալական նախագծերի իրագործմանը»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ԱՄԷ-ի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարված:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՄԱԿ-ը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Ղանդահարի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով հունվարի 10-ին առնվազն 49 մարդ է զոհվել, եւս շուրջ 90-ը՝ վիրավորվել, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը:

Նախօրյակին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Քաբուլում Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ: Ըստ վերջին տվյալների՝ գրոհի հետեւանքով, որի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, զոհվել է առնվազն 38 մարդ, եւս 70 հոգի վերքեր են ստացել:

Ղանդահարում իրականացված պայթյունը 11 մարդու կյանք է խլել: 18 վիրավորների թվում են նահանգապետն ու Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը, որոնք հարձակման պահին հանդիպում էին անցկացնում տեղի վարչակազմի շենքում: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում