«Շտապօգնություն» ՓԲԸ-ն աշխատանքներ կտանի մեքենաների պարկը նորացնելու եւ շտապօգնության ենթակայանները վերանորոգելու ուղղությամբ

«Շտապօգնություն» ՓԲԸ-ն աշխատանքներ կտանի մեքենաների պարկը նորացնելու եւ շտապօգնության ենթակայանները վերանորոգելու ուղղությամբ

«Շտապօգնություն» ծառայությունը 2017 թվականին աշխատանքներ կտանի մեքենաների պարկը նորացնելու եւ շտապօգնության ենթակայանները վերանորոգելու ուղղությամբ: Տարվա անելիքների մասին հարցին ի պատասխան՝ այս մասին «Արմենպրես»-ին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով` մայրաքաղաքում շտապօգնության կանչերը սպասարկող 36 մեքենա են աշխատում, եւ եթե չլինեն ոչ հրատապ կանչերը, մեքենաները լրիվ բավարար են կանչերը սպասարկելու համար: «Մենք չունենք որեւէ գործառույթ շտապօգնության կանչերը մերժելու: Մեր կարգավարներն անպատասխան զանգեր չեն թողնում»,-ասաց Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ նրանք շատ հաճախ օգնում են նաեւ իրենց խորհուրդներով, եթե անգամ կանչ գրանցելու խնդիր չի լինում:

«Բժշկի համար կա սահմանված ժամանակ՝ տեղ հասնել 9-15 րոպեի ընթացքում եւ 20 րոպեի ընթացքում էլ որոշել՝ տեղափոխել հիվանդանո՞ց, թե բուժում նշանակել»,-ասաց նա:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը բոլոր վարորդներին հորդորեց ուշադիր լինել շտապօգնության մեքենաների ձայնային եւ լուսային ազդանշանների նկատմամբ եւ հնարավորության դեպքում անպայման զիջել ճանապարհը:

«Շտապօգնության ծառայության նկատմամբ վստահությունը բավականին բարձրացել է»,- արձանագրեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում