ԱՄՆ-ի իշխանությունները կաշառակերության մեղադրանքներ են առաջադրել Բան Կի Մունի եղբորն ու եղբորորդուն

ԱՄՆ-ի իշխանությունները կաշառակերության մեղադրանքներ են առաջադրել Բան Կի Մունի եղբորն ու եղբորորդուն

ԱՄՆ-ի իշխանությունները ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եղբորը եւ եղբորորդուն մեղադրել են կաշառակերության մեջ: Մեղադրանքներն առաջադրվել են Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը: 

Գործակալության տվյալներով՝ Չու Հյոն Պանը եւ Բան Կի Սանը մեղադրվում են Մերձավոր Արեւելքի երկրներից մեկի՝ անունը չնշված մի պաշտոնյայի կաշառք տալու նպատակով նախահամաձայնությանը մասնակցելու մեջ: Ինչպես նշվում է, խոսքը վերաբերում է այն սխեմային, որը ներառում է Վիետնամում 800 միլիոն դոլարով շենքերի համալիրի վաճառքի գործարքը:

Չու Հյոն Պանը՝ նախկին գլխավոր քարտուղարի եղբորորդին, (Բան Կի Մունի լիազորությունները ՄԱԿ-ի վարչական ղեկավարի պաշտոնում լրացել են անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին) անշարժ գույքի վաճառքի նյույորքցի գործակալ է: Չու Հյոն Պանի հայրը՝ Բան Կի Սանը, զբաղեցնում էր Հարավային Կորեայի Keangnam Enterprises շինարարական ֆիրմայի ավագ խորհրդականի պաշտոնը:

Ինչպես նշել է Reuters-ը, Չու Հյոն Պանը ձերբակալված է եւ Նյու Յորքում գտնվում է կալանքի տակ: Բան Կի Սանի գտնվելու վայրի մասին չի տեղեկացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում