«Դա ապօրինի դիմում ա.շոու են սարքում պարզապես».կառավարությունը կմերժի 3 կուսակցությունների դիմումը. Վ. Բաղդասարյան

«Դա ապօրինի դիմում ա.շոու են սարքում պարզապես».կառավարությունը կմերժի 3 կուսակցությունների դիմումը. Վ. Բաղդասարյան

Վանաձորցի պատգամավոր, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Վանաձորի քաղաքապետի ու ավագանու հրաժարականի պահանջով ընդդիմադիր երեք կուսակցությունների դիմումը կառավարություն համարում է «անհիմն ու նախընտրական շոու»:Այս մասին գրում է Tert.am-ը:

«Դա ապօրինի դիմում ա, թող օրենքը կարդան, շոու են սարքում պարզապես»,- Tert.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ իրենց դիմումը հիմնավոր է, և հունվարի 10-ին լրացել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ժամկետը, ուստի հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ն հետ կանգնի ու հրաժարական տա, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Որքան էլ ով ուզում է պնդի, ամենաուժեղ պնդողը օրենքն է: Օրենքով այդ ժամկետը լրանում է հունիս ամսին, ոչ թե լրանում է հիմա: Ավելորդ բաներ են անում, պարզապես հետաքրքրացնում են ամեն ինչ: Նախընտրական պրոցեսներ են, ուզում են, որ իրենց վրա ուշադրություն դարձնեն: Ամեն ինչ լինելու է օրենքով, օրենքի կետին և տողին համապատասխան»:

Հարցին, թե ասել է թե՝ կարծում եք, որ կառավարությունը կմերժի՞ կուսակցությունների դիմումը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նման պատասխան տվեց. «Հիմք չկա: Կառավարությունն օրե՞նք պետք է խախտի, չեմ հասկանում: Կառավարությունը ո՞նց կարող է օրենք խախտել»:

Վահրամ Բաղդասարյանը չի ընդունում, որ ՀՀԿ-ն, ի վերջո, պարտվեց Վանաձորում: «ՀՀԿ-ն ունի հաղթած քաղաքապետ, և այդ քաղաքապետն աշխատում է»,-հայտարարեց Բաղդասարյանը:

Թե ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն Վանաձորում 3 կուսակցությունների դիմումից հետո, ՀՀԿ-ականն ասաց. «Պատրաստվում է աշխատել և Վանաձոր քաղաքում ինչ հնարավոր է՝ անել»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր կառավարություն է ներկայացնելու ավագանին լուծարելու մասին դիմումը, որը ստորագրել է նաև Վանաձորի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, իսկ «Հայկական վերածնունդ»-ից ասել են, որ առաջիկայում իրենք էլ կմիանան ստորագրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում