Հալեպի հայ համայնքի վերակազմակերպումն արդեն սկսված է

Հալեպի հայ համայնքի վերակազմակերպումն արդեն սկսված է

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այցելությունը մեծ ոգևորություն առաջացրեց հալեպահայության շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին լրագրող Սոսի Միշոյան-Դաբաղյանը, ԵՊՀ հայագիտական գիտահետազոտական ինստիտուտի աշխատող Ավո Ապոշյանը:

«Արամ Առաջինի այցելությունը Հալեպ, անշուշտ, մեծ նշանակություն ունի: Հինգ տարի մղձավանջային կյանքից հետո առաջին անգամ եկեղեցու զանգերը հնչեցին ի նշան հաղթանակի, ազատության և խաղաղության: Վեհափառն իր այցելությամբ հույս ներշնչեց հալեպահայությանը: Նա համայն հայությանը կոչ արեց, որպեսզի օգնի վերականգնել Հալեպի հայ համայնքը»,- ընդգծեց Միշոյան-Դաբաղյանը: Ըստ նրա` Արամ Առաջինը միշտ կհետևի Հալեպում տիրող իրավիճակին, և իր այցելությունները շարունակական բնույթ են կկրեն:

Ավո Ապոշյանի խոսքով` Վեհափառը կոչ է արել ոչ միայն նյութապես վերակառուցել համայնքը, այլև վերակազմավորվել այն:

«Այնտեղ դեռևս հայեր մնացել են, և նրանց կարող են միանալ նաև ժամանակավոր տեղափոխված հայերը: Հալեպի հայ համայնքը շարունակելու է իր եկեղեցական և ազգային կյանքը: Բացի այդ, կվերականգնվի Քարեն Յեփփե ճեմարանը, և աշակերտները կհաճախեն դպրոց»,- նշեց Ապոշյանը:

Ըստ Ապոշյանի` տարբեր տվյալներով ներկայումս Հալեպում մնացել են 6-8 հազար հայ:

Ավելի վաղ՝ հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Հալեպ, որտեղ պատարագ եւ պատգամ է փոխանցել Հալեպի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Քառօրյա այցի ընթացքում Արամ Առաջինը իրավիճակին ծանոթանալու եւ հալեպահայերի կարիքները պատկերացնելու նպատակով եղել է նաեւ ազգային- եկեղեցական հաստատություններում:

Արամ Վեհափառի անունից տարածվեց համայն հայությանն ուղղված կոչ՝ Հալեպի վերականգնումը, հալեպահայությանը լիարժեք աջակցությունը դարձնել համազգային խնդիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում