Արգենտինայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը տասը տարեկան է

Արգենտինայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը տասը տարեկան է

Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Քիրշների անմիջական աջակցությամբ 2007 թվականի հունվարի 11-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը 10 տարեկան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 26.199 օրենքը ամեն տարի ապրիլի 24-ը հռչակում է որպես «Ժողովուրդների միջև հան դուրժողականության և հարգանքի օր` ի հիշատակ հայ ժողովրդի կողմից վերապրած ցեղասպանության»:

Արգենտինայի իշխանության երեք թևերը` գործադիր, օրենսդիր և դատական, ներկայում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

26.199 օրենքի հոդվածներից մեկը հրավիրում է Արգենտինայի բոլոր նահանգներին ենթարկվելու դրան, ինչի շնորհիվ նահանգային խորհրդարանների մեծ մասն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող օրենքները, որոնք հարում են ազգային օրենքին:

Օրենքը նաև հիմք է հանդիսանում Արգենտինայի կրթության նախարարության նախագծի համար, որով նախարարությունը 2015 թվականին հրատարակեց դասագիրք, որը վերնագրված էր. «Հայոց ցեղասպանություն. հարցեր, պատասխաններ և առաջարկներ կրթության համար»: Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հետ համատեղ պատրաստված դասագիրքը մատակարարվել է Արգենտինայի բոլոր դպրոցներին, որպեսզի ուսուցիչներն ունենան ժամանակակից և հավաստի նյութ Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում