Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում

Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովն Ընտրական նոր օրենսգրքին համապատասխան պետք է ընդունի նոր կանոն, որի համաձայն` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները սկանավորվեն և հրապարակվեն:

«Այժմ մենք ներկայացնում ենք որոշման նախագիծ, որի համաձայն` ընտրական ցուցակների սկանավորման աշխատանքները իրականացվում են ընտրությունների հաջորդ օրը` ժամը 12:00-ից սկսած: Սկանավորված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում պետք է տեղադրված լինեն սկանավորման աշխատանքները սկսելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Մուկուչյանը:

Համապատասխան որոշման նախագիծը դրվեց քվեարկության, որին հանձնաժողովի բոլոր 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում