ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի հաստատման շուրջ լսումները շարունակվել են ավելի քան ինը ժամ

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի հաստատման շուրջ լսումները շարունակվել են ավելի քան ինը ժամ

Տեխասից ամերիկացի գործարար Ռեքս Թիլերսոնը, որին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում, պատրաստ է Սենատի կողմից հաստատվելուց հետո ամեն կերպ պաշտպանել ԱՄՆ-ի շահերը բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա դա հավաստել է Սենատի արտաքին գործերի կոմիտեում իր թեկնածության քննարկման շուրջ անցկացված լսումներում: 

Լսումները շարունակվել են ավելի քան ինը ժամ: Թիլերսոնն ընդգծել է, որ մտադիր է իրականացնել Թրամփի արտաքին քաղաքականությունը, քանի որ «պետական քարտուղարն աշխատում է երկրի նախագահի ցուցումով»: Նրանց հարց են տվել նորընտիր նախագահի հետ հարաբերությունների մասին, որի հետ նա միայն վերջերս է ծանոթացել: Թիլերսոնը պատասխանել է, որ նշանակմանը համաձայնել է այն բանից հետո, երբ համոզվել է, որ Թրամփն իրապես պատրաստ է անսալ իրեն:

Կոմիտեի նիստում Թիլերսոնին աջակցել են նրա կինը՝ Ռենդան, որի հետ նրանք միասին են արդեն ավելի քան 30 տարի, երկու քույրերը եւ այլ ազգականներ: Իսկ պաշտոնական երաշխավորագրեր նրան տվել են տեխասցի գործող սենատորներ Ջոն Քոռնինը եւ Թեդ Քրուզը, նախկին սենատոր Սեմ Նանը եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը:

Ներածական խոսքում Թիլերսոնն անհրաժեշտ է համարել «անկեղծ երկխոսություն» սկսել Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է, որ «Ռուսաստանն այսօրվա դրությամբ վտանգ է ներկայացնում» ԱՄՆ-ի համար, «բայց անկանխատեսելի չէ սեփական շահերի հետապնդման հարցում»: «Մեզ հարկավոր է Ռուսաստանի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսել նրա ձգտումների շուրջ, որպեսզի որոշենք՝ ինչ ուղեգիծ ենք ընտրելու»,– ընդգծել է Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում