Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների գազի սպառման ծավալները

Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների գազի սպառման ծավալները

Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների կողմից գազի սպառման ծավալները: Այդ մասին կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ավելացնելով, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների սանդղակում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված: Գազի պարագայում արտոնյալ սակագինը գործում է տարեկան 600 խմ-ի սահմաններում: «Այդ պատճառով, գնահատելով ընտանիքի անապահովությունը, ուզում ենք հաշվի առնել նաև այն, թե որքան գազ ու էլեկտրականություն են նրանք սպառում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ նախարարության կողմից առաջարկված սոցիալապես անապահով ընտանիքների ցանկն ուսումնասիրելիս հանդիպել են դեպքերի, երբ անապահով ընտանիքը գազ է սպառել մի քանի անգամ ավելի, քան միջին հանրապետական սպառումն է: «Կարծում եմ՝ հայտանիշները լրացուցիչ թույլ կտան մեզ ցանկում ճիշտ ընդգրկել համապատասխան շերտին»,– ասաց Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում