Թուրքիան հորդորել է ԱՄՆ-ին չօրինականացնել ահաբեկիչներին

Թուրքիան հորդորել է ԱՄՆ-ին չօրինականացնել ահաբեկիչներին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDG) որևէ առնչություն չունեն Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, զայրացրել է պաշտոնական Անկարային: Խնդրի առնչությամբ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Սա կատա՞կ է, թե CENTCOM-ը խելքը կորցրել է: Կարծում եք, որ որևէ մեկը դրան կհավատա՞: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օրինականացնել ահաբեկչական խմբավորումը»,- ասել է Քալընը:

Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում շատ են քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամները: Պաշտոնական Անկարան Սիրիայում գործունեություն ծավալող այս կազմակերպությունները համարում է ահաբեկչական` հայտարարելով, թե դրանք երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության ճյուղերն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում