Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների կողմից Ագրամունտին անվստահություն հայտնելու հնարավորությունը

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների կողմից Ագրամունտին անվստահություն հայտնելու հնարավորությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ ԵԽԽՎ-ին կոչ է արվել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ոչ մի ազդեցություն չի ու նենա:

Նրա խոսքով՝ մինչ այս դեպքն էլ եղել են բազմաթիվ հայտարարություններ՝ ուղղված Եվրոպայի խորհրդին, որի ղեկավարությունը դրանք հաշվի չի առել: «Այդ նույն կոռուպցիոն սկանդալի մեջ շոշափվում է նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի անունը: Միլանի դատախազությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ քրեական գործ է հարուցել կոռուպցիոն սկանդալում ներգրավված լինելու համար, եւ նա համաձայնել է համագործակցել եւ տվել է Ագրամունտի անունը: Մեր հավաստի տեղեկություններով՝ իր ցուցմունքներում Վոլոնտեն նա եւ տվել է Լիբերալ դեմոկրատների խմբի ղեկավար Ջորդի Խուգլա Կոստայի անունը, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն ամբողջ սխեման արդեն իսկ բացահայտված է: Ավելին ասեմ, ոչ միայն Ադրբեջանի քաղհասարակությունը, այլեւ, մեր տեղեկություններով, նաեւ եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ առաջիկա հունվարյան նստաշրջանում բարձրացնելու են Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Կարծում եմ՝ այս նստաշրջանին ինչ-որ զարգացումների ականատեսը կլինենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դեռեւս հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունը ինչ կազմով հանդես կգա առաջիկա նստաշրջանին: «Հայաստանն իր անելիքները գիտի, նախապատրաստվում ենք: Դեռ նախընտրական փուլն է, սակայն վստահ եմ՝ ինչ կազմով էլ լինի, պատշաճ կերպով մեր քայլերը կներկայացնենք»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կկայանա հունվարի 23-27-ը: Ավելի վաղ ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին հայտնի էր դարձել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ մասին 2016 թվականին «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագիրը կրող զեկույց էր հրապարակել «Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում