Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրենին

Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրենին

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին և ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ծավալող գործունեությանը: Պարոն Սանդերսը տեղեկացրել է, որ պատրաստվում են մեր երկրում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, քանի որ դրա համար կան նշանակալի հնարավորություններ, հատկապես այն պարագայում, որ ի դեմս կառավարության՝ ունեն բիզնեսին աջակցող գործընկեր: «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պա տրաստ է նաև իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի հանգրվան և հավելել, որ ընկերության սոցիալական և ուսումնական բնույթի ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բիզնես դաշտի բարելավմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին և հակամենաշնորհային քաղաքականության հետ կապված հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում