Ադրբեջանում Նարդարանի գործով ձերբակալվածների դատավարությունը կմեկնարկի հունվարի 19-ին

Ադրբեջանում Նարդարանի գործով ձերբակալվածների դատավարությունը կմեկնարկի հունվարի 19-ին

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Նարդարանի գործով ձերբակալված 15 անձանց դատավարությունը կմեկնարկի հունվարի 19-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալութունը:

Նշված 15 անձանց ձերբակալությունների պատճառ է հանդիսացել 2015-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից Նարդարան ավանում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ ոստիկանության եւ ավանի բնակիչների միջև տեղի ունեցած բախումը, որի ժամանակ զոհվել է 2 ոստիկան և 4 խաղաղ բնակիչ:

2015 թվականի նոյեմբերի 26-ին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և այլ հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում և թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում