Ի՞նչ պետք է անել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու համար

Ի՞նչ պետք է անել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու համար

ՀՀ կառավարության նիստում

Թեև 2017թ. առաջին նիստի օրակարգ ներառված հարցերը երկու տասնյակից էլ պակաս էին, կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հանձնարարությունները լրացրին այդ «բացը» և նախարարությունների ուշադրությունը բևեռեցին մի շարք հրատապ, երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների վրա: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ ֆինանսների, ՀՀ պաշտպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության նախարարներին պարտավորեցրեց քսանօրյա ժամկետում ըստ առանձին ապրանքների ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու առաջարկություն: Խոսքը վերաբերում է փոխարինող այն ապրանքներին, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և այն ապրանքներին, որոնք թեև մրցունակ են, բայց եղած արտադրությունների կարողությունը սահմանափակ է:

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում գործուն մեխանիզմների կիրառման և 2017թ. պետբյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացման առաջարկություններ ներկայացնելու առաջադրանք ստացավ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետը` այդ հարցը նախօրոք մի շարք նախարարների հետ քննարկելու պայմանով:
Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ կոնկրետ հանձնարարություններ ստացան ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, քաղաքային դպրոցների շենքային պայմանների բարելավման վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարները, մարզպետները:
Հաստատելով նիստի օրակարգը, գործադիրը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը:

Կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին:
2010թ.ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմանների ապահովմանը, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ, ապահովել դրանց հաշվետվողականությունը, մշտադիտարկումը` կատարելով նաև միջազգայնորեն ստանձնած պարտավորությունը:

Փաստաթղթով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ոլորտում առկա իրավիճակը, նրանց սոցիալական ներառումն ապահովող հիմնական ուղղությունները, ակնկալվող ամփոփ արդյունքները, թիրախային ցուցանիշները և միջոցառումների ցանկը, դրանց կատարման համար պատասխանատու մարմինները և սոցիալական ներառման մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:
Սոցիալական ներառումն ապահովող յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ինչպես իրավական դաշտը կարգավորող, այնպես էլ գործնական բնույթի միջոցառումներ:

Դուբայում կգործի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

Գործադիրը հավանություն տվեց Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հայաստանի Հանրապետության և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Դուբայ քաղաքի միջոցով: Այժմ Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվում է շուրջ 2500-3000 ՀՀ քաղաքացի: Կանոնավոր իրականացվում է օդանավի շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում է շուրջ 70 հյուպատոսություն: Նկատի առնելով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

Լուծարվեցին մի շարք պետական կազմակերպություններ

Կառավարությունն իր որոշմամբ լուծարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման ընդունումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ: «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2003թ. և գործում է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության համակարգում:Կենտրոնի լուծարման արդյունքում դրա գործառույթները պետք է իրականացնի Միգրացիոն պետական ծառայությունը: Դրանք են Համակարգչային ծառայությունների ձեռքբերումը, Ադրբեջանից բռնագաղթած անձանց, ՀՀ-ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերի հաշվառումը և տեղեկատվական շտեմարանների վարումը, ինչպես նաև անձնական/ընտանեկան գործերի փաստաթղթերի թվայնացումը: ՊՈԱԿ-ի լուծարումով կառավարությունն ակնկալում է միայն ընթացիկ տարում տնտեսել ավելի քան 9 մլն դրամ: Գործադիրը լուծարեց նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն՝ ապահովելով ևս 35 մլն դրամի խնայողություն:

Հաստատվեցին կարևորագույն ծրագրեր

Կառավարությունը հաստատեց իր 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, դրանց հիմնավորումները: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ընդգրկում է գործադրի աշխատանքի բոլոր ոլորտները և բաղկացած է 158, գերակա խնդիրները՝ 140 միջոցառումից: Հիմնավորումներում շարադրված է այն գործիքակազմը, որով կառավարությունը մտադիր է հասնել այս աշխատանքի իրականացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում