Թուրքիայի մեջլիսն ընդունել է նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանանադրական փոփոխությունների առաջարկը

Թուրքիայի մեջլիսն ընդունել է նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանանադրական փոփոխությունների առաջարկը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում հունվարի 12-ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները: Դրանց արդյունքում ընդունվել են սահմանադրական փոփոխությունների առաջարկի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հոդվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վեցերորդ հոդվածը, որն անցել է 343 կողմ և 137 դեմ ձայներով, առնչվում է մեջլիսի լիազորություններին:

Յոթերորդ հոդվածը, որն անցել է 340 կողմ և 136 դեմ ձայներով, վերաբերում է նախագահի լիազորություններին: Փոփոխությունը նախատեսում է, որ այսուհետև նախագահ ընտրվող անձը չպետք է լինի անկուսակցական: Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Նախագահ ընտրված անձը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Նա պետք է քվեարկության առաջին փուլում ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը` նախագահ դառնալու համար: Եթե բացարձակ մեծամասնություն չի ստացել, ապա ընտրություններին հաջորդող երկրորդ կիրակի օրը նոր քվեարկություն պետք է անցկացվի, որին պետք է մասնակցեն նախորդ ընտրության ժամանակ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Այս ընտրություններում արդեն հաղթող է ճանաչվում վավեր քվեների մեծամասնությունը ստացած թեկնածուն: Եթե ինչ-ինչ պատճառով երկրորդ քվեարկության ժամանակ մնում է միայն մեկ թեկնածու, ապա քվեարկությունն իրականացվում է հանրաքվեի տեսքով: Թեկնածուն այդ դեպքում պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը, այլապես պետք է անցկացվեն նախագահի նոր ընտրություններ: Եթե ընտրությունները չեն իրականացվում, և նոր նախագահ հնարավոր չի լինում ընտրել, ապա գործող նախագահը շարունակում է պաշտոնավարումը:

Մեջլիսում 340 կողմ և 135 դեմ ձայներով ընդունված սահմանադրական փոփոխության ութերորդ հոդվածը վերաբերում է նախագահի լիազորություններին, որոնք ընդլայնվում են: Նախագահն ունենում է գործադիրի լիազորություններ: Նա հնարավորություն է ստանում նշանակել փոխնախագահներին և նախարարներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև իր ցանկությամբ դադարեցնել նրանց պաշտոնավարումը: Նախագահն իրավունք է ձեռք բերում Մեջլիսի օրենքները հակասահմանադրական լինելու հիմնավորմամբ դիմել Սահմանադրական դատարան` դրանք չեղյալ հայտարարելու հարցով:

Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Նա սահմանելու է երկրի ազգային անվտանգության քաղաքականությունը, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքները դնելու է ժողովրդի քվեարկությանը: Լինելու է թուրքական զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Հիվանդություն, հաշմանդամություն ունեցող անձանց պատիժը թեթևացնելու կամ հանելու լիազորություն է ունենալու:

Ավելի վաղ Մեջլիսը քննարկել և անց էր կացրել մյուս սահմանադրական փոփոխությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում