Ասանժն ԱՄՆ արտահանձնվելու պատրաստակամություն Է հայտնել Մենինգին ներում շնորհելու դեպքում

Ասանժն ԱՄՆ արտահանձնվելու պատրաստակամություն Է հայտնել Մենինգին ներում շնորհելու դեպքում

Եթե ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգին, ապա ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհամաձայնի արտահանձնվել Միացյալ Նահանգներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է WikiLeaks կայքի Twitter-հաշվում:

«Եթե Օբաման ներում շնորի Մենինգին, Ասանժը կհամաձայնի հանձնվել ԱՄՆ-ին, չնայած այն բանին, որ արդարադատության նախարարության հարուցած գործն ակնհայտորեն սահմանադրական չէ»,- ասված է թվիթում:

WikiLeaks-ի իրազեկիչը՝ ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը, որը հետագայում փոխել է սեռը, ձերբակալվել է 2010-ի մայիսին: Նրան մեղադրել են շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթերի հանձնման մեջ, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:

2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: Բանտում նա հասել է դատական վճռի այն մասին, որ իրավաբանորեն համարվում է կին Չելսի անունով:

Բանտում գտնվելու ընթացքում, Մենինգի փաստաբանների խոսքով՝ դատապարտյալն ինքնասպանության երկու փորձ է արել:

2012 թվականից Ասանժը թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում Է եւ երկյուղում Է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում