«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 12 տոկոսով

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 12 տոկոսով

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2016 թվականին 2015 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 10,4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ: Ինչպես տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: 2016 թվականին Երևանից մեկնել է 1 048 153 ուղևոր և ժամանել է 1 057 387 ուղևոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղևոր, ժամանածներինը՝ 935 294 ուղևոր: 2016 թվականին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել: 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում