«Բոկո հարամ»-ի մեղքով Կամերունում, Նիգերիայում, Նիգերում եւ Չադում սովի է մատնվել 7 մլն մարդ. ՄԱԿ

«Բոկո հարամ»-ի մեղքով Կամերունում, Նիգերիայում, Նիգերում եւ Չադում սովի է մատնվել 7 մլն մարդ. ՄԱԿ

Չադ լճի ավազանի շրջանում հումանիտար ճգնաժամը, որը հրահրվել է «Բոկո հարամ» արմատական խմբավորման գործողություններով, խոշորագույններից մեկն է դարձել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը: Նրա խոսքով՝ սովյալների թիվը տարածաշրջանում, ներառյալ Կամերունը, Նիգերիան, Նիգերը եւ Չադը, տարվա ընթացքում աճել է ավելի քան կրկնակի եւ հասել 7 միլիոնի: 

«Այն, ինչն սկսվել էր որպես անվտանգության բնագավառի ճգնաժամ, վերածվել է պարենային լուրջ ճգնաժամի՝ աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամերից մեկին: Մեկ տարի առաջ Չադ լճի ավազանի շրջանում պարենի սուր կարիք ուներ 3 մլն մարդ:

Չնայած ՄԱԿ-ի եւ գործընկերների գործադրած ջանքերին, այսօր նրանց թիվը հասնում է 7,1 միլիոնի»,- զեկուցել է նա համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:

Ինչպես հայտնել է Օ՛Բրայենը, տարատեսակ հումանիտար օգնություն է պահանջվում աֆրիկյան չորս երկրների 10,7 մլն բնակիչների, իսկ հարկադիր վերաբնակների թիվը կազմում է 2,4 միլիոն, որոնցից 1,5 միլիոնը երեխաներ են: Նրա խոսքով՝ 2017 թվականին Չադ լճի ավազանի շրջանում հումանիտար գործողությունների համար կպահանջվի մոտավորապես 1,5 մլրդ դոլար՝ կրկնակի ավելի, քան անցյալ տարի:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Թայե-Բրուք Զերիհունը Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ «Բոկո հարամ»-ը, չնայած նրա դեմ իրականացվող ռազմարշավին, առաջվա պես լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում