Սփյուռքի գործարարները հետաքրքրված են Արցախում ներդրումներ կատարելու հարցով

Սփյուռքի գործարարները հետաքրքրված են Արցախում ներդրումներ կատարելու հարցով

Սփյուռքի գործարարները հետաքրքրված են Արցախում ներդրումներ կատարելու հարցով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ գործարարներից արձագանքներ կան, այժմ հետևողական աշխատանք է տարվում նրանց հետ:

«Արդեն մեզ հայտնի մի քանի գործարարներից Սփյուռքի նախարարությունը ստացել է գրություններ այն մասին, որ ցանկանում են տեղեկանալ, թե ի՞նչ հնարավորություններ կան Արցախում ներդրումներ կատարելու համար, տնտեսության ո՞ր ճյուղերն են առաջնահերթ: Մենք սերտ կապի մեջ ենք Արցախի կառավարության և ներդրումային ծրագրերով զբաղվող կառույցների հետ: Մենք մի քանի առաջարկներ արդեն ներկայացրել ենք, սակայն պետք է նշել, որ Սփյուռքի նախարարությունն, այդ իմաստով, կապող օղակ է»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախարարությունը նախատեսում է Սփյուռքից ժամանած և ներդրումների պատրաստ գործարարների համար հենց տեղում` Արցախում, ներդրումային ծրագրերին ծանոթանալու հնարավորություն ստեղծել: Նրանց կներկայացվեն այն ոլորտները, որտեղ կարող են ներդրումներ կատարել` նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը:

«Արցախի կարևորության գաղափարն ամուր նստած է մեր մեջ: Շատերը հասկանում են, որ դա պարզապես ներդրում չէ, դրանով նպաստում ենք Արցախի հզորացմանը: Ի դեպ, շեշտը դրվելու է նաև Արցախի զբոսաշրջության զարգացման վրա: Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից Արցախը մեծ հնարավորություններ ունի»,- հավելեց Սերժ Սրապիոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում