Վարչապետն անդրադարձավ բանանի շուկայում առկա մենաշնորհին

Վարչապետն անդրադարձավ բանանի շուկայում առկա մենաշնորհին

Անդրադառնալով բանանի և շաքարավազի ոլորտներում մենաշնորհների մասին հարցին՝ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ բոլոր ներկրողների թիվը հրապարակվել է: Ի պատասխան դիտարկման, թե բանանի ներկրումը խոչընդոտելու դեպքի մասին հրապարակումներ կան, վարչապետը նշեց, որ անձամբ չի ճանաչում բանան ներկրողներին: «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն բանան ներկրողին իմանանք, մեկ ուրիշը կուզենա, որ բոլոր շաքար ներկրողներին իմանամ… Ո՞ւր կհասնի: Ինձ նույնիսկ հարց են տվել՝ բանան ներկրողն ո՞վ է, երբ ասել եմ՝ չգիտեմ, նեղացել են: Իրենց պատկերացմամբ, իմ գործառույթը հենց այդ բանան ներկրողին իմանալն է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը և նշեց, որ տեղյակ չէ, թե բանանի ներկրմանը խոչընդոտողը պատիժ կրե՞լ է, թե ոչ:

Վարչապետի խոսքով՝ իր համար դա կարևոր հարց չէ, կարևորն այն է, որ այլևս չլինի խոչընդոտող: «Ինձ ոստիկան մի սարքեք, ես իմ ֆունկցիան դրա մեջ չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ չի ցանկանում անդրադառնալ բամբասանքային խոսակցությանը, թե ինչու ոստիկանությունը չի արձանագրել՝ կա՞ դիմում, թե չկա: Վարչապետը հարցրեց՝ բանան ներկրողը բողոք ներկայացրե՞լ է, որ իրեն խոչընդոտել են:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլի հրապարակումն արդեն իսկ դիմում է հանդիսանում, վարչապետն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե ոստիկանությունը բոլոր հրապարակումներին արձագանքեր, ի՞նչ ապարատ պետք է պահեր: Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին, ինչպե՞ս եք պատկերացնում՝ ամեն գրածով բոլորին կանչեն, ասեն՝ ապացուցի՞… Ես չգիտեմ՝ խոչընդոտե՞լ են, թե ոչ, չգիտեմ՝ խոչընդոտվողը դիմում տվե՞լ է, թե ոչ»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում