Դինքի սպանության օրը հիշատակի արարողություններ կկազմակերպվեն աշխարհի տարբեր քաղաքներում

Դինքի սպանության օրը հիշատակի արարողություններ կկազմակերպվեն աշխարհի տարբեր քաղաքներում

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում հիշատակի արարողություններ կիրականացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Թուրքիայում նախատեսված գլխավոր միջոցառումները տեղի կունենան Անկարայում և Ստամբուլում: Մայրաքաղաք Անկարայի Յուքսել պողոտայում հունվարի 19-ին կկազմակերպվի հավաք, այնուհետև դրա մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ:

Ստամբուլի միջոցառումները մեկնարկում են հունվարի 13-ից: «Ջեզայիր» հավաքների սրահում տեղի կունենա «10 տարի առանց Դինքի» միջոցառումը, որի կազմակերպիչներից է «ԴուրԴե» իրավապաշտպան հարթակը: Հունվարի 14-ին «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Ինչպես ամեն տարի, այս տարվա հունվարի 19-ին ևս գլխավոր հիշատակի արարողությունը կկայանա «Ակոս» պարբերականի խմբագրության նախկին շենքի մոտ` այն վայրում, որտեղ սպանվել էր Դինքը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հունվարի 19-ին Մաքսիմ Գորկու անվան թատրոնում կկազմակերպվի երեկո «Հրանտ Դինքին հիշել և հասկանալ» խորագրով: Արարողությանը կմասնակցեն թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը, դերասանուհի Արսինե Խանջյանը և այլոք:

Ֆրանսիայում հիշատակի արարողություններ կիրականացվեն միանգամից երկու քաղաքում` Լիոնում և Փարիզում:

Կանադայի Տորոնտո քաղաքում հունվարի 22-ին նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Իսկ հունվարի 21-ին Օտտավայում նախատեսված միջոցառմանը կներկայացնի «Տան մյուս կողմը» (“The Other Side of Home”) փաստագրական ֆիլմը:

Դինքի սպանության օրը` հունվարի 19-ին, նրա հիշատակին միջոցառում կկազմակերպվի Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում