Թրամփը խոստացել է ռուս հաքերների գործը հետաքննել 90 օրվա ընթացքում

Թրամփը խոստացել է ռուս հաքերների գործը հետաքննել 90 օրվա ընթացքում

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնն ստանձնելու է հունվարի 20-ին, խոստացել է 90 օրվա ընթացքում ներկայացնել Միացյալ Նահանգներում ընտրությունների ժամանակ հաքերային գրոհների վերաբերյալ Ռուսաստանին վերագրվող գործի սեփական հետաքննության արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Այդ մասին նա գրել է թվիթների շարքում՝ հերթական անգամ քննադատելով մամուլում հայտնված դոսիեն, որի համաձայն Ռուսաստանը հաքերային գրոհներ է կազմակերպել, ինչպես նաեւ վարկաբեկիչ նյութեր ունի Դոնալդ Թրամփի վերաբերյալ:

«Գարշելի քաղաքական գործամոլների՝ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների, ամբողջովին կեղծված փաստեր՝ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ռուսաստանը պնդում է, որ ոչ մի նման բան չկա… Հնարավոր է՝ դրանք հրապարակած «հետախույզները» նախապես գիտեին, որ ոչ մի ապացույց չկա եւ չի լինի: Իմ մարդիկ հաքերային գրոհների մասին հաշվետվություն կկազմեն 90 օրվա ընթացքում»,-գրել է Թրամփն իր «Թվիթեր»-ում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են կուսակցական սերվերների հաքերային կոտրման ճանապարհով ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ:

ԱՄՆ-ի ապագա նախագահը նաեւ կրկնել է մեղադրանքները ընտրություններին իր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի հասցեին. նրա խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյում «շատ բարի են գտնվել նրա նկատմամբ»՝ թույլատրելով մասնակցել ընտրություններին, չնայած նրա հասցեին հնչած լուրջ մեղադրանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում