Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 2017 թ.-ին 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով. Արսեն Հարությունյան

Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 2017 թ.-ին 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով. Արսեն Հարությունյան

Ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:

Մասնավորապես քննարկվել են 2017 թ.-ին ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ջրի հաշվառման և ջրակորուստների նվազեցման իրատեսական, կիրառելի և ջրօգտագործողների կողմից ընդունելի գործողությունների ծրագիրը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակաբույսերի ճիշտ ընտրության և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդրին, որը հատկապես կնպաստի գերնորմատիվային հողատարածքներում ջրակորստի նվազեցմանը:

Համակարգի արդյունավետ կառավարման և ջրի ծախսն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, որի շրջանակներում Կադաստրի կողմից շահագործվող GIS համակարգի տեխնիկական տվյալները կհամադրվեն ՋՏՊԿ-ում գործող «Armenian water» ծրագրի տվյալների հետ:

Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:

Տվյալների ուսումնասիրության աշխատանքները մեկնարկել են այսօր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում