Պարտադիր ժամկետային զինծառայողները «Թումո» կենտրոններում ուսուցանելու հնարավորություն կստանան

Պարտադիր ժամկետային զինծառայողները «Թումո» կենտրոններում ուսուցանելու հնարավորություն կստանան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հունվարի 14-ին ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության և պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձևավորմանը։ «Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին վստահություն են հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, աշխատանքը լինելու է արդյունավետ և շարունակական։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիրը։

Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։

Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։ Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով: Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում