Քանի դաշնակից կունենա Ադրբեջանը, երբ չկարողանա վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց. Ֆրանկ Էնգել

Քանի դաշնակից կունենա Ադրբեջանը, երբ չկարողանա վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց. Ֆրանկ Էնգել

Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերջ կդրվի՝ լինի դա քրեական հետաքննությունների եւ դրանցից բխող դատական որոշումների միջոցով, թե այն հանգամանքի, որ Ադրբեջանի հասարակության համար այս երեւույթը դառնում է ավելի ու ավելի անհանդուրժելի: «Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն ուղղված հայտարարության մասին, ասաց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

«Ադրբեջանի քաղհասարակությունը խորհրդարանական ներկայացուցչության իրավունք ունի միջազգային համաժողովներում, որոնք մշտապես հիմնված չեն գումարների եւ նվերների համոզիչ ուժերի վրա: Հետաքրքիր է՝ քանի ընկեր եւ դաշնակից կունենա Ադրբեջանը իր սահմաններից դուրս, երբ այլեւս չկարողանա շռայլորեն վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց»,-ասաց պատգամավորը:

Օրերս ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչ հանդես էր եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ ԵԽԽՎ-ին կոչ է արվել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաեւ առաջիկայում՝ հունվարի 23-27-ը կայանալիք ձմեռային նստաշրջանին, անդրադառնալ կառույցի ներսում ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալին:

Ավելի վաղ ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին հայտնի էր դարձել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ մասին 2016 թվականին «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագիրը կրող զեկույց էր հրապարակել «Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում