Արարատի մարզի դպրոցներում հիմնականում պահպանվում է բավարար ջերմային ռեժիմը

Արարատի մարզի դպրոցներում հիմնականում պահպանվում է բավարար ջերմային ռեժիմը

Արարատի մարզի դպրոցներում հիմնականում պահպանվում է բավարար ջերմային ռեժիմը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել նորմալ դասապրոցեսներ: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ լոկալ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում եթե խնդիրներ են առաջանում, ապա միացվում են նաեւ լրացուցիչ էլեկտրական սալիկներ:

«Մտահոգիչ է վիճակը էլեկտրական սալիկներով ջեռուցվող դպրոցներում: Մարզպետի կողմից տրված է հանձնարարական դպրոցներում հերթապահություն սահմանելու վերաբերյալ: Դասասենյակները ջեռուցվում են ամբողջ գիշեր, որպեսզի առավոտյան բավարար ջերմությունն արդեն ապահովված լինի»,-ասաց Մկրտչյանը: Խնդիրը գտնվում է ԿԳ նախարարության ուշադրության կենտրոնում: Շրջաբերականներ են ուղարկվել մարզ. այն դպրոցներում, որտեղ կա ջերմության հետ կապված խնդիր՝ թույլատրվել է քննարկել դասապրոցեսն առավոտյան ժամը 10:00-ին սկսելու եւ դասերի տեւողությունը 30 ր? ?պե դարձնելու հարցը: «Այս պահին այս ռեժիմով մարզում աշխատում են 30 դպրոցներ, իսկ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ ապահովվում է բավարար ջերմաստիճանը»,-ասաց բաժնի վարիչը:

Անդրադառնալով բացակայություններին՝ Մկրտչյանը փաստեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենից շատ բացակայություններ են գրանցվել նախորդ շաբաթվա առաջին եւ երկրորդ օրերին: Հետագայում արձանագրվել է հաճախումների աճ: Մկրտչյանն ընդգծեց նաեւ, որ առկա է նաեւ ծնողների մտահոգություն, որն էլ ազդում է հաճախելիության վրա: Ուրբաթ օրվա դրությամբ մարզի դպրոցներում բացակայությունները կազմել են 25 տոկոս: Այսօր արդեն դրանք ավելի են նվազել:

Դպրոցը սպասարկող կրթության բաժնի աշխատողներն այս օրերին ծանոթանում են առաջացած խնդիրներին եւ ցուցաբերում օգնություն: Նրանց հրահանգված է ամեն օր առավոտյան ծանոթանալ ջերմային ռեժիմի եւ բացակայությունների վերաբերյալ տեղեկատվությանը:

Մարզի 112 դպրոցներից լոկալ ջեռուցման համակարգ ունեն 82-ը, 29-ը ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, իսկ մեկը՝ Տիգրանաշեն համայնքի դպրոցը՝ փայտե վառարանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում