Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. Վիգեն Սարգսյան

Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար. Վիգեն Սարգսյան

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից բացահայտված չարաշահումներից հետո հետևություններ են արվել, բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է ավելի բաց ու թափանցիկ: «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով բանակին մատակարարումների գործընթացին, այս մասին երեկ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, գրում է Թերթ.am-ը։

Վիգեն Սարգսյանը մատնանշել է այն քայլերը, որոնք արվում են այդ գործընթացը կատարելագործելու համար և կարևորել համապատասխան ընթացակարգերի կիրառումը, որոնց արդյունքում գողանալը կամ բանակի հաշվին հարստանալը կդառնա անհնար:

«Մենք շահագրգիռ ենք բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով, բայց բարձր որակով ստանալու հեռանկարով: Մենք շարունակելու ենք այդ քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- ասել է նախարարը:

Նախարարը կարևորել է մատակարարումների գործընթացում այնպիսի ընթացակարգերի կիրառումը, որոնց շնորհիվ չարաշահումները անհնարին կդառնան: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները:

Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բացահայտվելու և պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի հանրապետության զինված ուժերին:

«Մենք շարունակելու ենք հատ առ հատ բացահայտել ու պատժել այն գործարարներին, որոնք ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել զինված ուժերին: Հատ առ հատ բացահայտելու ենք և պատժելու ենք այն չինովնիկներին, որոնք փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին: Միևնույն ժամանակ, պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետև քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք և պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարևոր է ձևակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»,- ամփոփել է Վ. Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում