Ղրղզստանում հունվարի 17-ը սգո օր են հայտարարել Boeing-ի կործանման զոհերի հիշատակին

Ղրղզստանում հունվարի 17-ը սգո օր են հայտարարել Boeing-ի կործանման զոհերի հիշատակին

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հունվարի 17-ը սգո օր է հայտարարել Բիշքեկի մերձակայքում թուրքական բեռնատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Թուրքական ավիաընկերության Boeing 747-400 բեռնատարը հունվարի 16-ի առավոտան կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա:

Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մերձակայքում գտնվող «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա-Սուու ավանում: Դրա հետեւանքով ավերվել են 32 մասնավոր տներ, որոնցում մարդիկ էին ապրում: Ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ երթուղով, անձնակազմը բաղկացած է եղել հինգ մարդուց. նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ զոհվել է 37 մարդ:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր է ստորագրել «Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով զոհվածների հիշատակին 2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանի Հանրապետությունում սգո օր հայտարարելու մասին»,- հայտնել էմամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում