«Նոր Հալեպ» թաղամասի շինարարարական աշխատանքները կիսատ են մնացել դոնորների բացակայության պատճառով

«Նոր Հալեպ» թաղամասի շինարարարական աշխատանքները կիսատ են մնացել դոնորների բացակայության պատճառով

Աշտարակում սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի շինարարարական աշխատանքները ֆինանսավորման բացակայության պատճառով դեռեւս չեն սկսվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի նախարարության ջանքերով արդեն իսկ պատրաստ է թաղամասի գծագիրը, ինչպես նաեւ ավարտին են հասցվել գեոդեզիական աշխատանքները, սակայն այս ծրագիրը կախված է դոնորներից, որոնք այս պահի դրությամբ դեռեւս չկան:

«Նախարար Հրանուշ Հակոբյանն այլ երկրների դեսպանների հետ զրույցներում , միջազգային որոշ հարթակներում անընդհատ բարձրացնում է այս հարցը՝ նշելով, որ ավելի լավ է սիրիահայերը մնան եւ ինտեգրվեն Հայաստանում, քան տեղափոխվեն Եվրոպա, ինչը եվրոպական պետությունների վրա ավելի թանկ կնստի»,-ասաց նա:

2013թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել է Աշտարակի քաղաքապետին, որի հիման վրա Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերելու վերաբերյալ:

Աշտարակում նախատեսվում է կառուցել 4-5 հարկանի 10 բազմաբնակարան շենք ու մոտ 100 առանձնատուն։ Նախնական տվյալներով, շուրջ 500 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար կպահանջվի 35 միլիոն դոլար։ Բնակարանները կհատկացվեն սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքներին ոչ թե անվճար, այլ շուկայականից ցածր գներով։ Առանց ներքին հարդարման բնակարանների 1 քառակուսի մետրի դիմաց սիրիահայերը պետք է վճարեն մինչև 500 դոլար։

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, այս պահին Սիրիայում պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը անցնում է 20 հազարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում