Գեղարքունիքում պետական միջոցներով կշարունակվեն կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքում պետական միջոցներով կշարունակվեն կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները

Պետական բյուջեի միջոցներով 2017 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկատարվեն առանձին դպրոցների եւ մշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել կամ շարունակվել են 2016 թվականին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը՝ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները շարունակելու համար հատկացվել է 50 միլիոն դրամ, որով նախատեսվում է իրականացնել տանիքի տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքներ: 

Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի հիմնանորոգման համար հատկացվել է 80 միլիոն դրամ, որով կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ: Այս նույն հաստատությունում պետբյուջեի միջոցներով սկսվել եւ ավարտվել էր կենտրոնացված ջեռուցման համակարգի կառուցումը:

Եւս 50 միլոն դրամ հատկացվել է Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների շարունակման համար, որով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ:

Աստղաձորի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգման համար հատկացվել է 40 միլիոն դրամ, Գավառի պետթատրոնի շենքի շինարարական աշխատանքները հիմնովին ավարտելու համար՝ 100 միլիոն դրամ: «Ի տարբերություն թվարկված օբյեկտների՝ Աստղաձորի դպրոցն այս տարի առաջին անգամ է ընդգրկվել հիմնանորոգման ծրագրում:
Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի եւ Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2017 թվականի փետրվարին, Աստղաձորի միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքները՝ 2017 թվականի ապրիլից:

Բացի պետբյուջեով հատկացված միջոցներից, 2017 թվականի ընթացքում մարզում դպրոցաշինական խոշոր ծրագրեր կիրականացվեն նաեւ այլ կազմակերպությունների կամ հիմնադրամների կողմից»,-պատմեց վարչության պետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում