Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է նոր պայմաններ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սեպտեմբերի 1-ից ունենալու է   նոր պայմաններ

«Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է ռազմաուսումնական հաստատությունների հեռանկարների մասին և շեշտել, որ աշխատանք է տարվելու կենցաղային պայմանները բարելավելու և ուսման որակի ընդհանուր վերահսկողությունը բարձրացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, Վիգեն Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է այն դարձնել երկրի լավագույն ուսումնական հաստատությունը: Ռազմամարզական վարժարանը զարգացնելու գաղափարը քննարկվել է հանրապետության նախագահի և վարչապետի հետ, հայտնել է նախարարը:

«Սեպտեմբերի 1-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ունենալու է նոր պայմաններ: Այն ունենալու է լողավազաններ, թենիսի կորտեր, ուսումնական լավագույն բազա, լավագույն մանկավարժների թիմ և հնարավորություն է տալու 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում սովորող ցանկացած հայ երիտասարդի՝ դիմել, ընդունվել և ստանալ անվճար լավագույն կրթությունը մեր երկրում: Ես վստահ եմ, որ սա պետք է շատ ոգևորի մեր տղաներին, նաև նրանց ծնողներին» ,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա հայտնել է նաև, որ վերջնական որոշման դեպքում վարժարանը փոխելու է նաև գտնվելու վայրը և տեղափոխվելու է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ Տավուշի մարզ:
«Մենք քննարկում ենք և ուսումնասիրում ենք հնարավորություններն այն հայտնի ուսումնական կենտրոնի, որը ժամանակին կառուցեց Պետական եկամուտների կոմիտեն, այնուհետև կառավարության որոշմամբ այն փոխանցեց Պետական գույքի կառավարման վարչությանը: Ես խնդրել եմ հանրապետության նախագահին և վարչապետին՝ քննարկել այդ հաստատությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին փոխանցելու հարցը»,- հավելել է Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում