Տնտեսագետը Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական կապերի լայն թափով զարգացման մեծ ներուժ է տեսնում

Տնտեսագետը Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական կապերի լայն թափով զարգացման մեծ ներուժ է տեսնում

Հայաստանն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը լայն թափով զարգացնելու մեծ ներուժ ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Իրանը հսկայական շուկա է, որի հնավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվ աշխատանք:

«Իրանը բացվում է դեպի արտաքին աշխարհ, պատժամիջոցները հանվում են: Այն 70 միլիոնանոց շուկա է: Այս ուղղությունը կարող է հանգիստ լինել այլընտրանք մյուս ուղղություններին: Իրանը մի երկիր է, որտեղ ռեսուրսների իմաստով ամեն ինչ կա: Դա մի երկիր է, որտեղ պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներն անսահմանափակ ձևով, իսկ Հայաստանն ունի առաջարկելու բան, այդ շուկա մտնելու հնարավորություն: Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար բացարձակ պետք չէ բյուջեից մեծ ծախսեր կատարել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Խոսելով արտահանման խթանման և ներմուծված ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու մասին` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը արտահանումը խթանելու մասով շատ քայլեր է իրականացնում, ինչը տեսանելի է: Ինչ վերաբերում է ներմուծված ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելուն, ապա, ըստ տնտեսագետի, այդ գործընթացը դոփում է իր տեղում:

«Այնինչ, այդ համատեքստում մենք լուրջ հնարավորություններ ունենք: Մի շարք ուղղություններով արտադրության գծով կան տեղական լուրջ ռեսուրսներ: Ամոթ է, որ մինչ օրս պլաստիկ արտադրանքը ներմուծվում է դրսից, սննդի մասին էլ չեմ խոսում: Դրա համար, այդ ոլորտների կառույցները պետք է ժամկետային պատասխանատվություն վերցնեն և աշխատեն»,-հավելեց տնտեսագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում