Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շինծու մեղադրանքներով ձերբակալել ընդդիմության ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հունվարի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինաբար թմրանյութեր արտադրելու, պահելու և իրացնելու մեղադրանքով Ադրբեջանում գործող NIDA քաղաքացիական շարժման անդամ Էլգիզ Գահրամանլըին դատապարտել է 5 տարի 6 ամսվա ազատազրկման:

Ադրբեջանում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող կարծիք ունեցող անձանց անօրինական ձերբակալությունները շարունակական բնույթ են կրում:

Հունվարի 13-ին միջազգային իրավապաշտպան 25 կազմակերպությունների կազմված խորհուրդը դիմել էր Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով` կատարել միջազգային պարտավորությունները, պահպանել մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը և վերջ տալ երկրում ծայրահեղ աստիճանի հասած ճնշումների և մարդու իրավունքների խախտման դեպքերին:

«Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգրկված է «մամուլի գիշատիչների» ցուցակում».-ասված էր հայտարարության մեջ:

Նմանօրինակ քայլերով Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է վերացնել քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների կենսունակությունը:

Կառավարությունը ստեղծում է վախի մթնոլորտ, ինչը զսպում է մարդկանց խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքը իրացնելու ցանկությունը:

«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման վարքագիծը և ճնշում գործադրի ադրբեջանական իշխանությունների վրա». Նշված էր կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:

Միջազգային 25 կազմակերպություններից կազմված խորհուրդը Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել նաև խոսքի ազատության իրավունքի իրացման շրջանակներում ազատ արձակել բանտարկության մեջ գտնվող բոլոր լրագրողներին, բլոգերներին և ակտիվիստներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում