ՀՀ կառավարության 2016թ. միջոցառումների ծրագրով ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 3 օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ կառավարության 2016թ. միջոցառումների ծրագրով ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 3 օրենսդրական նախաձեռնություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2016 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվություն է հրապարակվել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։

Կայքի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել է 3 օրենսդրական նախաձեռնություն: Մասնավորապես, ոստիկանության ուսումնական հաստատության սովորողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու, ինչպես նաև ոստիկանությունում թափուր հաստիքները համալրելու առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով մշակվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, այնուհետեև ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.12.2016թ.:

Հաջորդը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որի նպատակն է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ ոստիկանությունում իրականացնել առանձին հանցագործությունների բացահայտման ընթացքում վերցված անձի ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ: Նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ համաձայնեցվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ:

Ոստիկանության կողմից իրականացված մյուս միջոցառումը «Օպերատիվ֊ հետախուգական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն է, որն ուղղված է օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող հեռախոսահամարների բաժանորդների տվյալները արտադատական կարգով ստանալու գործընթացի հստակեցմանը: Նախագծի վերաբերյալ ստացվել են հակասական դիրքորոշումներ, ուստի ներկայումս քննարկվում է նախագծի հետագա շրջանառության նպատակահարմարության հարցը:

Որպես ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիր սահմանված էր Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը, ինչը ենթադրում էր համայնքային ոստիկանության 4 նոր հենակետերի ստեղծում, անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված աշխատանքների իրականացում, ինչպես նաև համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում:

Ծրագրված 4 հենակետերից 2-ի կառուցման աշխատանքներն իրականացվել են Երևանում (Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում), իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզում՝ Աբովյան և Հրազդան քաղաքներում:

Հրազդան քաղաքում կառուցված հենակետը՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով կահավորված վիճակում, շահագործման է հանձնվել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին:

Մյուս երեք հենակետերի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում. կառուցման աշխատանքները, անհրաժեշտ գույքով և տեխնիկայով դրանց ապահովումը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականի 1-ին եռամսյակում:

Նույն խնդրի շրջանակներում 2016 թվականի ընթացքում կազմակերպվել են համայնքային ոստիկանության ծառայողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ինչպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, այնպես էլ տեղերում՝ թեմատիկ դասախոսությունների և պրակտիկ վարժախաղերի միջոցով:

Հաջորդ գերակա խնդիրը ՀՀ Տավուշի մարզում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ստորաբաժանման ենթակառուցվածքների ստեղծումը, վարորդական վկայական հատկացնելու գործընթացի արդյունավետությունն ապահովող կազմակերպական միջոցառումների իրականացումն է: Այս նպատակով 2016 թվականին հատկացված ֆինանսավորման շրջանակներում շարունակվել են շինարարության համար անհրաժեշտ նախապատրաստական և շինության հիմքի կառուցման աշխատանքները:

Վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն 2017 թվականին:

Հաջորդ գերակա խնդիրը հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացումն է՝ տեղեկատվական շտեմարանների օգտագործմամբ:

Նշված խնդրի իրագործման համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են 2016 թվականի ընթացքում: Ներդրված է տեղեկատվական միասնական համակարգ՝ ուղղված օպերատիվ գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության թվայնացմանը՝ տեղեկատվական-որոնողական, այդ թվում՝ դիմապատկերի միջոցով, միասնական ինքնուրույն համակարգի միջոցով: 2016 թվականի ընթացքում իրականացվել են ոստիկանությունում գործող տեղեկատվական շտեմարանների թվայնացման աշխատանքները: Ձեռք է բերվել ծրագրի գործարկման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկան: ՌԴ-ից ՀՀ ոստիկանություն գործուղված փորձագետների կողմից մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել համակարգի շահագործման վերաբերյալ, կատարվել է համակարգի ամբողջական թեստավորում:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում 2016 թվականի դեկտեմբեր ամսին ստեղծվել է մասնագիտացված՝ Օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչությունը, որը հանդիսանում է տվյալ համակարգը ՀՀ ոստիկանության կողմից շահագործող պատասխանատու ստորաբաժանումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում