Նորակոչիկները ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ. Հայաստանում շարունակվում է ձմեռային զորակոչը

Նորակոչիկները ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ. Հայաստանում շարունակվում է ձմեռային զորակոչը

Հայաստանում մեկնարկած ձմեռային զորակոչի շրջանակներում հունվարի 16-ին ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Զորակոչիկները վիճակահանության միջոցով իմացան, թե որտեղ են ծառայելու. նրանց ծնողները դիմացի դահլիճում տեղադրված մոնիտորների միջոցով հետևում էին վիճակահանության ընթացքին:

Վիճակահանությունից հետո նորակոչիկներին տեղափոխեցին ընդհանուր դահլիճ, որտեղ նրանք լսեցին ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի և կենտրոնական հավաքակայանի հոգևոր սպասավոր Տեր Սամուել քահանա Սարգսյանի օրհնանքի խոսքը:

«Հարգելի նորակոչիկներ, այս զորակոչով ձեզ համար սկսվում է զինվորական ծառայությունը: Սա ծառայություն է, որը վերաբերում է մեզ բոլորիս, որովհետև մեզանից ամեն մեկը բարոյապես պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը: Հայրենիքը միայն օդը, հողը, ջուրը չէ: Հայրենիքը նախ մեր հարազատներն են, մեր ընտանիքներն են, հայրենիքը նաև մեր եկեղեցին է ու մեր քրիստոնեական հավատքը: Հայրենիքը մեր ողջ հոգևոր-մշակութային ժառանգությունն է, որ մեր պապերը, նախապապերը պահպանել են իրենց արյան գնով և փոխանցել են մեզ: Այսօր այդ պատիվը ձեզ է վիճակված: Իմ հայրական հորդորն է և եղբայրական խնդրանքը, որ միշտ լինեք ընկարասեր, ծառայասեր: Թող Աստված օրհնի ձեզ, որպեսզի կարողանաք առաջիկա երկու տարիների ընթացքում ձեռք բերել այն բոլոր գիտելիքները, որոնցով ձեր ծառայությունը պիտի դարձնեք կատարյալ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տեր Սամուել քահանա Սարգսյանը:

Ծառայության մեկնելուց առաջ նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայանում մասնակցեցին նաև ՀՀ ՊՆ համերգին, որի ժամանակ հնչում էին ռազմահայրենասիրական երգեր:

Լրագրողների հետ զրույցում նորակոչիկները նշում էին, որ ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ և գիտակցումով, որ գնում են պաշտպանելու հայրենիքի սահմանները և հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու: Նրանք գոհ էին զորակոչի նոր՝ վիճակահանությամբ իրենց ծառայության վայրը իմանալու կարգից: Վիճակահանությամբ ծառայության վայրը ընտրելու կարգից գոհ են նաև իրենց զավակներին բանակ ճանապարհով ծնողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում