Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Գ.Սարգսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Առաջին կայազորային քննչական բաժնում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում