Աշխատանքային ստաժի տեղեկանքի համար այլևս քաղաքացին ստիպված չի լինի հասնել Ազգային արխիվ

Աշխատանքային ստաժի տեղեկանքի համար այլևս քաղաքացին ստիպված չի լինի հասնել Ազգային արխիվ

Հայաստանի կենսաթոշակային տարիքի հասնող քաղաքացիներն աշխատած տարիների և ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու համար այսուհետև ստիպված չեն լինի դիմել Ազգային արխիվ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ հեշտացվում է քաղաքացիներին տեղեկանք տալու գործընթացը:

«Աշխատանք է տարվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ նոր գործիքակազմ ներդնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր կատարվել են, մեկ, երկու շաբաթից քաղաքացիները կարող են լիարժեք օգտվել այդ գործիքակազմից»,– ասաց Ամատունի Վիրաբյանը: Մասնավորապես, քաղաքացին, ում կենսաթոշակային տարիքը մոտենում է, և իրեն անհրաժեշտ է տեղեկանք իր աշխատանքային տարիների մասին, ապա պարզապես դիմում է կենսաթոշակային մարմնին: Վերջինս, Ազգային արխիվի հետ համագործակցությամբ, կստանա այդ անհրաժեշտ տեղեկանքը:

«Դա բավական հեշտացնում է քաղաքացիների գործը, ստիպված չեն լինի գալ Ազգային արխիվ ժամերով հերթ կանգնել: Սա կարևոր քայլ է»,- հավելեց Ամատունի Վիրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում