Պատկերասրահը կկազմակերպի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Պատկերասրահը կկազմակերպի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Այս տարի մայիսին կազմակերպվելու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Ավելի քան մեկ տարի է ինչ պատրաստվում ենք այդ ցուցահանդեսին: Ցուցադրվելու են Այվազովսկու՝ մեր պատկերասրահում գտնվող բոլոր աշխատանքները, ինչպես նաև ներկայացվելու են նկարչի գրաֆիկական գործերը, որոնք նախկինում երբևէ պատկերասրահում չեն ցուցադրվել: Ռուսաստանի տարբեր թանգարաններից բերվելու են նկարչի 16 աշխատանք»,– նշեց Ծատուրյանը և հավելեց, որ իրենք ներկայումս բանակցություններ են վարում Մխիթարյանների հետ, որպեսզի միաբանությունում գտնվող «Քաոս» նկարը նույնպես ընդգրկված լինի ցուցահանդեսում:

ՀԱՊ-ի տնօրենը հայտնեց, որ 2017 թվականի ընթացքում Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսներ են կազմակերպվելու նաև արտերկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում