Օլանդը Թրամփին առաջարկել է չմիջամտել ԵՄ-ի ներքին գործերին

Օլանդը Թրամփին առաջարկել է չմիջամտել ԵՄ-ի ներքին գործերին

Եվրոպան դրսից խորհուրդների կարիք չունի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խիստ արտահայտություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել է Guardain-ը:

«Եվրոպան պատրաստ է շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, բայց այն հիմնված կլինի մեր շահերի եւ արժեքների վրա,– հայտարարել է Օլանդը:- Մեզ հարկավոր չեն դրսից ցուցումներ, թե մենք ինչ պետք է անենք»:

Ֆրանսիայի նախագահը նաեւ չի համաձայնել ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի քննադատությանը: Այդ դաշինքն, Օլանդի կարծիքով՝ «կհնանա միայն այն դեպքում, երբ անցյալում մնան այն սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը դարձել է Թրամփի կշտամբանքների գլխավոր օբյեկտը, դրանց արձագանքել է նման կերպ. «Մենք՝ եվրոպացիներս, մեր ճակատագիրը պահում ենք մեր ձեռքում»,- ասել է նա:

Նախօրյակին Թրամփն ասել էր, թե Մերկելն «աղետալի սխալ» է թույլ տվել՝ երկիր թողնելով մեծ քանակությամբ անօրինական միգրանտների Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Ընտրյալ նախագահը նաեւ ՆԱՏՕ-ն համարել է հնացած կազմակերպություն, ինչը զարմանք եւ անհանգստություն է հարուցել ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում