Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրությունների առաջին փուլը չի պարզել հաղթողին

Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրությունների առաջին փուլը չի պարզել հաղթողին

Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրությունների առաջին փուլը, որոնք հունվարի 17-ին կայացել են Ստրասբուրգում՝ ասամբլեայի լիագումար նստաշրջանում, չի պարզել հաղթողին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 17-ին հայտարարել Է ասամբլեայի նախագահի պաշտոնից հեռացող Մարտին Շուլցը՝ քվեարկության առաջին փուլի արդյունքներով քվեների հաշվումն ավարտելուց հետո: 

Ինչպես հայտնել Է Շուլցը, ամենամեծ թվով ձայներ հավաքել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)՝ Եվրամիության առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչ իտալացի Անտոնիո Տայանին եւ նրա հայրենակից, ազդեցությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության՝ սոցիալիստների ղեկավար Ջանի Պիտելան:

Տայանիի օգտին քվեարկել է 274 պատգամավոր, Պիտելայի օգտին՝ 183: Եվս չորս այլ հավակնորդների հետ նրանք դուրս են եկել քվեարկության երկրորդ փուլ: Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին սկզբնապես հավակնում էին յոթ պատգամավորներ:

Վեհաժողովի նոր նախագահը պետք է ստանա ընտրողների քվեաթերթիկների բացարձակ մեծամասնությունը՝ 50 տոկոս՝ գումարած մեկ ձայն: Ընթացակարգով նախատեսված է քվեարկության երեք փուլ: Եթե երրորդ փուլից հետո հաղթողը չորոշվի, ամենամեծ քանակությամբ ձայներ հավաքած երկու հավակնորդները կհանդիպեն չորրորդ փուլում: Այս դեպքում հաղթանակի համար պահանջվում է հավաքել քվեների պարզ մեծամասնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում