ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան

ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում էր իրականությունը և հիշեցում էր` ուղղված Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Դա Ռուսաստանի արտգործնախարարի կողմից շեշտադրում էր, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը չմտածի, որ հակամարտությունը միայն իր ներքին խնդիրն է և գնա առկա պայմանավորվածությունները խախտելու ճանապարհով: Այն, ինչ ասել է Լավրովը իրականությունն է ու հիշեցում Ադրբեջանին»,- ասաց պատգամավորը:

Թևան Պողոսյանի գնահատմամբ` նման հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը նպատակ է հետապնդել հասկացնել Ադրբեջանին, որ չխախտի պայմանավորվածությունները: «Խոսքն այս դեպքում ինչպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման պայմանագրի մասին է»,- նշեց պատգամավորը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում