Օբաման մեղմացրեց Չելսի Մենինգի նկատմամբ կայացված դատավճիռը

Օբաման մեղմացրեց Չելսի Մենինգի նկատմամբ կայացված դատավճիռը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնաթողությունից երեք օր առաջ մեղմացրել է WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգի նկատմամբ դատավճիռը, որը 35 տարվա ազատազրկման էր դատապարտվել գաղտնի տեղեկությունների հանձնման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: 

Դրա շնորհիվ Մենինգը ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին:

Բացի Մենինգից, Օբաման կրճատել է 208 կալանավորների պատժաչափը եւ ներում շնորհել 64 մարդու:

WikiLeaks-ի իրազեկիչը՝ ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը, որը հետագայում փոխել է սեռը, ձերբակալվել է 2010-ի մայիսին: Նրան մեղադրել են շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթերի հանձնման մեջ, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:

2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: Բանտում նա հասել է դատական վճռի այն մասին, որ իրավաբանորեն համարվում է կին Չելսի անունով: Բանտում գտնվելու ընթացքում, Մենինգի փաստաբանների խոսքով՝ դատապարտյալն ինքնասպանության երկու փորձ է արել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում