Հարավային Կորեայի նախագահի օգնականը խոստովանել է, որ գաղտնի փաստաթղթեր Է փոխանցել նրա ընկերուհուն

Հարավային Կորեայի նախագահի օգնականը խոստովանել է, որ գաղտնի փաստաթղթեր Է փոխանցել նրա ընկերուհուն

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի օգնականը խոստովանել է, որ գաղտնի փաստաթղթեր էր ուղարկում Չխվե Սուն Սիլին՝ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրի ղեկավարի նախկին քարտուղար Չժոն Հո Սոնը հայտարարել է հունվարի 18-ին Սեուլում ընթացող դատական նիստում: 

«Խոստովանում է, որ այդ մեղադրանքները մասամբ ճիշտ են,- նշել է նա:- Պակ Կըն Հեն ասել է, որ ես պետք է անսամ Չխվե Սուն Սիլի կարծիքներին եւ անհրաժեշտության դեպքում օգտագործեմ դրանք, բայց նա երբեք չէր կարգադրում ուղղակիորեն նրան ուղարկել այս կամ այն փաստաթուղթը»:

Չժոն Հո Սոնը մեղադրվում է այն բանում, որ նախագահի ընկերուհուն է փոխանցել պետական գաղտնիք բովանդակող 47 փաստաթուղթ, ինչպես նաեւ երկրի նախագահի պատրաստվող ելույթների տեքստերը, որոնցում Սուն Սիլն իր ուղղումներն էր կատարում:
Ավելի վաղ Պակ Կըն Հեի մեկ այլ օգնական դատարանում հայտարարել է, որ ինքն ուղղակիորեն ներքաշված էր կոռուպցիոն սխեմայում՝ հարավկորեական խոշոր ընկերությունների մասնակցությամբ:

Մինչդեռ Չխվե Սուն Սիլը՝ Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտը, Սահմանադրական դատարանում մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: «Ես երբեք որեւէ օգուտ կամ արտոնություն չեմ ստացել Պակ Կըն Հեի հետ ընկերության շնորհիվ,– նշել է Չխվե Սուն Սիլը:- Այդ մեղադրանքները միայն մտքի խաղեր են»: Կինը նաեւ պնդել է, որ հետաքննությունն իր կողմից իբր կատարված հանցագործությունների ոչ մի ապացույց չունի, քանի որ իրեն մինչ այժմ դրանց հետ չեն ծանոթացրել: Նա դատախազությանը մեղադրել է իր վրա ճնշում գործադրելու մեջ, որպեսզի ինքն իրեն զրպարտի:

Չխվե Սուն Սիլը, պատասխանելով դատավորների հարցերին, հավաստել է, որ մի քանի անգամ եղել է Պակ Կըն Հեի նստավայրում, բայց հրաժարվել է ասել՝ հատկապես երբ: Նաեւ նա հայտնել է, որ իրոք ստացել է նախագահի ելույթների պատճենները եւ ուղղումներ կատարել դրանցում, բայց միայն «դրանց հուզականություն հաղորդելու» համար, այլ ոչ թե քաղաքականության վրա ազդելու նպատակով:

Կինը Պակ Կըն Հեի վաղեմի ընկերուհին է: Համարվում է, որ, օգտվելով իր ազդեցությունից, սպորտի եւ մշակույթի առաջմղման պատրվակով Չխվե Սուն Սիլը ստիպում էր հարավկորեական բազմաթիվ ընկերությունների նվիրատվություններ անել իր կողմից ստեղծված ոչ կառավարական հիմնադրամներին, ընդ որում՝ միջոցների զգալի մասը նա յուրացնում էր: Բացի այդ, նրան մեղադրում են պետական գործերին միջամտելու եւ իշխանության չարաշահման մեջ:

Քննիչները կարծում են, որ Պակ Կըն Հեն առնվազն իրազեկված է եղել իր ընկերուհու անօրինական գործունեության մասին: Սկանդալի պատճառով Հարավային Կորեայի նախագահին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում