Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը

Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Ռոուհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքերը սոսկ կարգախոսների հավաքածու է, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:

«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն Է, գուցեեւ ամենավատը պատմության մեջ»,– նշել է Ռոուհանին, հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող:

«Դրանք ընդամենը կարգախոսներ են եւ ինձ քիչ հավանական է թվում, որ, ստանձնելով պաշտոնը, Թրամփը կփորձի ինչ-որ բան անել: Պայմանագիրը կնքվել է ոչ միայն մեր երկու երկրների կողմից, այնպես որ նա չի որոշելու՝ լավն է այդ պայմանագիրը, թե վատը»,-ասել է Ռոուհանին:

Իրանի նախագահն ավելի վաղ էլ ասել է, որ Թրամփին թույլ չի տա չեղարկել գործարքը:

Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս քննադատության է ենթարկել Իրանի հետ վեց պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կնքած գործարքը: Մինչդեռ այն համարվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում