Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ

Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին TT գործակալությանը հայտարարել է նրա շվեդ փաստաբան Պեր Սամուելսոնը:

«Նա պատրաստ է բանակցել այդ հարցի շուրջ եւ նախաձեռնության է սպասում ամերիկյան կողմից»,- նշել է փաստաբանը: Ընդ որում՝ նա հավելել է, որ Ասանժը չի կարող վստահ լինել, որ ԱՄՆ-ում չի ձերբակալվի:

Ավելի վաղ ռեսուրսի հիմնադիրը հայտարարել էր, որ կհամաձայնի արտահանձնվել Միացյալ Նահանգներ, եթե ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգին:

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հունվարի 17-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնաթողությունից երեք օր առաջ մեղմացրել է WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգի նկատմամբ դատավճիռը, որը 35 տարվա ազատազրկման էր դատապարտվել գաղտնի տեղեկությունների հանձնման համար: Դրա շնորհիվ Մենինգը ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին:

Ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը ձերբակալվել է 2010-ի մայիսին: Նրան մեղադրել են շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթերի հանձնման մեջ, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:

2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: Բանտում նա հասել է դատական վճռի այն մասին, որ իրավաբանորեն համարվում է կին Չելսի անունով: Բանտում գտնվելու ընթացքում, Մենինգի փաստաբանների խոսքով՝ դատապարտյալն ինքնասպանության երկու փորձ է արել:

2012 թվականից Ասանժը թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում է եւ երկյուղում է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում